ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ

ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ

Իսրայելը խախտել է միջազգային իրավունքի բոլոր հինգ նորմերը՝ կապված հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչությանը տարհանելու հրամանների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Յենս Լաերկեն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը Ռաֆահի արևելքում գտնվող մարդկանց հրահանգել էր տարհանվել հումանիտար գոտիներ՝ այնտեղ նախատեսված ցամաքային գործողությունից առաջ։

«Հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչության տարհանումը խստորեն կարգավորվում է միջազգային իրավունքով: Նախ և առաջ, բնակչությունը պետք է վաղօրոք նախազգուշացված լինի, որպեսզի հասցնի: Այստեղ դա չի եղել։ Երկրորդ՝ տարհանման երթուղիները պետք է անվտանգ լինեն, ինչն այստեղ ակնհայտորեն չկա։ Երրորդ` նշված շրջանները պետք է անվտանգ լինեն և ապահովեն մարդասիրական օգնության հասանելիությունը, ինչն այստեղ նույնպես չկա: Չորրորդ՝ այդ շրջանները պետք է ունենան ենթակառուցվածք, որը թույլ կտա ընդունել փախստականներին: Գազայում այլևս չկա ենթակառուցվածք: Ի վերջո, տեղահանված բնակչությունը պետք է հնարավորություն ունենա հետագայում վերադառնալ: Հազիվ թե վերադառնալու տեղ մնա», - Լաերկեի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԻՊԲ-ն վերահսկողության տակ է առել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի անցակետի պաղեստինյան հատվածը։ Մայիսի 6-ից Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Ռաֆահում․ այնտեղ գտնվում է շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի, որոնք ստիպված են եղել փախչել Գազայի հատվածի հյուսիսային և կենտրոնական մասերից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում