Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բացահայտել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի և երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների սպանությունը նախապատրաստող գործակալների ցանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել։
Ուկրաինային անվտանգության ծառայությունը գործակալների ցանցը ղեկավարելու մեջ մեղադրել է Ռուսաստանին։
«Ծրագրերը պետք է իրականացվեին գործակալական ցանցի կողմից, որը նախապես բացահայտվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից՝ Պետական պահպանության վարչության (ՊՊՎ) աջակցությամբ։ Ցանցում, որի գործունեությունը ԱԴԾ-ն (խմբ․՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայություն) վերահսկում էր Մոսկվայից, ընդգրկված են ՊՊՎ-ի երկու գնդապետներ, որոնք գաղտնի տեղեկատվություն էին «արտահոսում» Ռուսաստանի Դաշնությանը», - հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը իր Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ հետախուզական ցանցի խնդիրներից մեկն է եղել «նախագահ Զելենսկիի ոչնչացման ծրագրի իրականացնողներ գտնել նրա անվտանգության աշխատակիցներին մոտ կանգնած զինվորականների շրջանում»։
Ուկրաինայի անվտանգության ծառայության պնդմամբ՝ հանցագործները պետք է պատանդ վերցնեին պետության ղեկավարին, ապա սպանեին։
«Բացի Վլադիմիր Զելենսկիից, հակառակորդը նախատեսում էր ոչնչացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին, Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հավելում է, որ ըստ ծրագրի՝ հավաքագրված գործակալը պետք է հետևեր հսկողության տակ գտնվող անձի տեղաշարժին և փոխանցեր անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այնուհետև նախատեսվում էր հրթիռային հարված հասցնել այն տանը, որտեղ գտնվում էր տվյալ անձը։ Այնուհետև, ըստ հաղորդագրության, պլանավորվում էր անօդաչու թռչող սարքով հարված հասցնել խոցված տարածքում մնացած մարդկանց, որից հետո էլ մեկ այլ հրթիռով ոչնչացնել հետքերը, հավելում է ծառայությունը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գործակալի համար համապատասխան զինամթերքն ապահովել է ՊՊՎ-ի գնդապետը։ Բացի այդ, անվտանգության ծառայությունն արձանագրել է ծրագիրը հնարավոր իրականացնողի զրույցները «ՌԴ ԱԴԾ-ից գործընթացը վերահսկող անձի հետ»։
Ձերբակալվածներին սպառնում է ցմահ ազատազրկում։
Կարծիքներ