Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 14 բուժառու է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր՝ մարտի 28-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
11 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 229 հիվանդ։
Կարծիքներ