Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է

Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մեկնարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ այս օրերին խումբը Դիլիջանում է, որտեղ մասնակցում են մասնագիտական կողմնորոշման ճամբարին։

«Ծրագրի մասնակիցների համար անցկացվում են դասընթացներ, որոնց շնորհիվ նրանք կկողմնորոշվեն, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, ավելին՝ յուրաքանչյուր մասնակցի համար կկազմվի անհատական զարգացման պլան:

Իսկ լուսանկարում մենք ենք, մեր թիմի անդամները՝ Զարինեն, Դավիթը և ես։ Սակայն այն մեր մասին չէ։ Ծրագրի մասնակիցներից Արմենը որոշել է լուսանկարիչ դառնալ, և հենց նա է այս լուսանկարի հեղինակը։ Երբ նկարում էր, իրեն խոստացա հրապարակել լուսանկարն ու ձեզ պատմել իր մասին։ Ես հավատում եմ, որ Արմենը կդառնա լավ լուսանկարիչ, քանի որ ինքն այդպես է որոշել և այդպես է կամենում, և մենք բոլորս պարտավոր ենք առավելագույնն անել, որպեսզի Արմենի երազանքն իրականություն դառնա» ,-գրել է Հայրապետյանը։