Ե՛վ Լալայանը, և՛ Մինասյանը մեծանուն մարզիկներ են և լավ մարդիկ. Լաշա Տալախաձե
Փարիզի Օլիմպիական խաղերի ծանրամարտի գերծանրքաշային կարգի չեմպիոն Լաշա Տալախաձեն հետագա հաջողություններ է մաղթել ՕԽ արծաթեմեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանին:
«Ուրախ եմ, որ Լալայանը պատիվ է համարում ինձ հետ մրցակցելը: Ես միայն հաջողություն եմ մաղթում Վարազդատին: Հաջորդ խաղերին, երբ կավարտեմ կարիերաս, իրեն միայն ոսկե մեդալ եմ մաղթում: Լավ պայքար էր ծավալվել: Ե՛վ Լալայանը, և՛ Մինասյանը մեծանուն մարզիկներ են և լավ մարդիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ լրագրողների հետ զրուցում ասել է Տալախաձեն:
Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում կայացած ծանրամարտի մրցաշարը եզրափակվեց գերծանրմարզիկների պայքարով: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում հաջորդաբար պոկեց 210 կգ, 215 կգ, սակայն չբարձրացրեց 218 կգ: Հրում վարժությունում Լալայանը հաջող մոտեցմամբ բարձրացրեց 247 կգ, 252 կգ, բայց չկարողացավ բարձրացնել 256 կգ: Երկամարտի 467 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր է:
Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ, սակայն չֆիքսեց 220 կգ: Հրում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 245 կգ, սակայն երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 255 կգ: Երկամարտի 461 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումն արդեն երրորդ անգամ նվաճեց Վրաստանից Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 470 կգ արդյունք:
Կարծիքներ