ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում՝ «միջուկային վթարը» կանխելու համար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում ՝ կանխելու «միջուկային վթարն ընթացիկ հակամարտության ժամանակ»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «ՄԱԳԱՏԷ-ն ընդլայնում է իր ներկայությունն Ուկրաինայում, որպեսզի օգնի կանխել միջուկային վթարն ընթացիկ հակամարտության ժամանակ: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այս առաքելությունն Ուկրաինայում, որի ընթացքում մենք կկազմակերպենք ներկայությունը երկրի բոլոր ատոմակայաններում՝ միջուկային անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերելու համար», - գրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Գրոսսին հայտնել էր, որ այս շաբաթ կժամանի Ուկրաինա, որտեղ ՄԱԳԱՏԷ-ն նախատեսում է կազմակերպել 11-12 փորձագետների մշտական ներկայություն։ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ «շուտով մշտապես ներկա կլինի Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտներում, ներառյալ՝ Չեռնոբիլում»։
Միջուկային անվտանգության փորձագետները կհետևեն ատոմակայաններում տիրող իրավիճակին, կգնահատեն դրանց սարքավորումները, կտրամադրեն տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն, ինչպես նաև իրենց եզրակացությունների մասին կհայտնեն ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան: 2022 թ. նոյեմբերի 14-ին ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարության խնդրանքով փորձագետների պատվիրակություններ է ուղարկելու երկրի միջուկային օբյեկտներ։
Անցյալ տարվա նոյեմբերի 25-ին ավարտվել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Չեռնոբիլի ատոմակայանի գոտում, դեկտեմբերի 2-ին կարգավորող մարմնի փորձագետները տեսչական զննություն են կատարել Հարավուկրաինական ատոմակայանում, դեկտեմբերի 10-ին՝ Ռովնոյի և Խմելնիցկիի ատոմակայաններում:
Կարծիքներ