COVID-19-ի հետեւանքները չեզոքացնելու միջոցառումների շրջանակներում Արցախում 391,2 մլն դրամի օգնություն է ցուցաբերվել
2020թ․ հունիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսի սոցիալական հետեւանքները չեզոքացնելու միջոցառումների շրջանակներում Արցախում 4719 ընտանիքների, ընդհանուր առմամբ, 391,2 մլն դրամի ֆինանսական օգնություն է ցուցաբերվել։ Այս մասին, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը, հայտնել են Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակության հարցերով նախարարության մամուլի ծառայությունում։
2020թ․ մարտի 1-ից նախարարությունը 823 սոցիալապես խոցելի քաղաքացիների տրամադրել է ֆինանսական օգնություն, 330 քաղաքացիների՝ նյութական օգնություն։
Կրոնավիրուսի տարածման հետեւանքների չեզոքացման նպատակով կառավարության կողմից 2020թ. ապրիլի 15-ին ընդունվել են «Կորոնավիրուսի սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումները հաստատելու մասին» եւ «Կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» որոշումները: Այդ որոշումներով հաստատված միջոցառումների շահառուներ են հանդիսանում առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, չաշխատող հղի կանայք, աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Կորոնավիրուսի տարածման հետեւանքների չեզոքացման միջոցառումների համատեքստում կառավարության կողմից ընդունվել են նաեւ 2020թ. մայիսի 18-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները հաստատելու մասին» որոշումը, որով հաստատվել է մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտների ցանկը, տնտեսվարող սուբյեկտների միանվագ դրամաշնորհի տրամադրման, մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտների անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց միանվագ դրամական աջակցության տրամադրման միջոցառումները:
Սոցիալապես խոցելի խմբերին, ինչպես նաեւ համայնքների ինքնամեկուսացված 2100 բնակիչների նախարարության կողմից տրամադրվել է մեկ ամսվա հաշվարկով պարենամթերք եւ հիգիենայի պարագաներ: Աջակցություն է ցուցաբերվել նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի, Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների եւ անհատ բարերարների կողմից:
Կարծիքներ