Պատժամիջոցներն ու Հայաստանի հնարավորությունները

Պատժամիջոցներն ու Հայաստանի հնարավորությունները

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով արեւմտյան երկրները գրեթե ամեն օր նոր պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցների հետեւանքները ռուս պաշտոնյաները, խոշոր գործարարներն ու մեծահարուստները որոշ առումով կարող են թեթեւ տանել, ապա նույնը չի կարելի ասել շարքային ռուսաստանցիների եւ հատկապես աշխատանքային միգրանտների համար, որոնց մեջ քիչ չեն մեր հայրենակիցները:

Արևմտյան երկրներն ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ռուսական ռազմական գործողության շարունակում են նոր եւ ավելի խիստ տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի դաշնության ոչ միայն առանձին գործիչներ եւ պաշտոնյաներ, այլեւ գործարարներ, մեծահարուստներ եւ խոշոր ֆինանսական կազմակերպություններ: Արեւմտյան երկրներն արդեն հայտարարել են, որ սառեցնում են ռուսական ֆինանսական ակտիվները: Ըստ որոշ աղբյուրների խոսքը գնում է ավելի քան 1 տրիլիոն դոլար գումարի մասին: Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Արեւմուտքի սահմանափակումները ցավալի չեն լինելու Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ոչ մի ներկայացուցչի համար: Սահմանափակումները գուցե ցավալի չլինեն Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների եւ մեծահարուստների համար, սակայն դրանց ցավալի ազդեցությունը ուղղակի զգալու են շարքային ռուսաստանցիները եւ այդ երկրի աշխատանքային միգրանտները:

«Չկա չարիք առանց բարիք», այս ասացվածքի նշանակությունը թերեւս կարող է լավագույնս երեւա հենց այս պարագայում: Արեւմտյան երկրների պատժամիջոցների հետեւանքով ռուսական բազմաթիվ բիզնեսներ կանգնելու են կամ փակման եզրին, կամ գտնելու են այլ ելքեր իրավիճակից համեմատաբար անկորուստ դուրս գալու համար:

Նույն իրավիճակում են հայտնվելու նաեւ բազմաթիվ որակյալ  մասնագետներ եւ աշխատանքային միգրանտներ, որոնք Ռուսաստան են մեկնել Հայաստանից: Ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ այդ մարդկանցից շատերը հայացքն ուղղեն դեպի Հայաստան եւ այստեղ տեղափոխեն իրենց բիզնեսը կամ ուղղակի այստեղ գտնեն համապատասխան աշխատանք:

Դեռեւս մի քանի տարի առաջ Հայաստանի վարչապետը եւ մյուս ոլորտային պաշտոնյաները հայտարարում էին, որ Հայաստանում տարբեր մասնագետների պակաս կա: Մասնագետների պակաս կա նաեւ շինրարարության եւ ճանապարհաշինության ոլորտներում, որտեղ նախորդ տարվանից սկսած մեծ ծավալով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Այսօր թերեւս այս հնարավորությունից օգտվելու բավական նպաստավոր իրավիճակ է ստեղծվել եւ Ռուսաստանաբնակ բազմաթիվ մեր հայրենակիցներ կարող են վերադառնալ Հայաստան, այդպիսով ինչ-որ չափով խուսափել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցավալի հետեւանքներից եւ որոշակի առումով օգտակար լինել  Հայաստանի տնտեսության առաջընթացին:

Այս պարագայում թերեւս մեծ  անելիք ունի Հայաստանի կառավարությունը: Համապատասխան եւ գրագետ տեղեկատվական արշավ կազմակերպելուց բացի կառավարությունը նաեւ պետք է հստակ քաղաքականություն մշակի՝ հնարավորինս արագ լուծումներով կարգավորի բազմաթիվ վարչարարական խնդիրներ՝ կապված վիզաների տրամադրման, մուտքի թույլտվության եւ բիզնեսի գրանցման հետ:  Հենց այսպիսի քաղաքականությունը կարող է դառնալ պետություն մասնավոր գործակցության լավագույն օրինակ, որը կնպաստի ոչ միայն աշխատանքային ներգաղթին, այլեւ կարող է կարճաժամկետ եւ երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ հայրենական տնտեսության զարգացման վրա:

 

Մկրտիչ Իսրայելյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում