Իրանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 25 միլիոն մարդ, ևս 35 մլն-ը գտնվում է վարակվելու վտանգի տակ. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 25 միլիոն մարդ, ևս 35 մլն-ը գտնվում է վարակվելու վտանգի տակ, գրում է Reuters-ը։
Թվերը, որոնք, Ռոհանիի խոսքով, հիմնված են Առողջապահության նախարարության նոր զեկույցի վրա, շատ ավելի բարձր են Իրանում վարակվածների պաշտոնական թվից, որոնց համաձայն՝ երկրում վարակակիրների թիվը 269 440 է:
«Մեր գնահատականներով՝ մինչ այս պահը 25 միլիոն իրանցի վարակված է եղել այդ վիրուսով, և շուրջ 14 հազար մարդ կորցրել է իր թանկ կյանքը»,- ասել է Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում ունեցած ելույթի ժամանակ՝ ընդգծելով, որ 30-35 միլիոն մարդ գտնվում է վարակվելու վտանգի տակ։
Երկրի նախագահը նաև նշել է, որ ներկայում Իրանը 5 դեղամիջոց է արտադրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
«Մենք պետք է համառորեն պայքարենք վիրուսի դեմ։ Վիրուսին հաղթելու համար միասնաբար պայքարելուց զատ այլընտրանք չունենք»,- հայտնել է նա։
Նշենք, որ Իրանը համաճարակից ամենաշատը տուժած մերձավորարևելյան երկիրն է։ Նախօրեին երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահացել է 13 791 մարդ։
Կարծիքներ