Առնվազն 6 մարդ է զոհվել Մյանմարում տեղի ունեցած բախումների հետևանքով
Առնվազն 6 մարդ է զոհվել կիրակի օրը Մյանմարի մի քանի քաղաքներում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Իրավանդի» պորտալին:
Ցույցերին չմասնակցող մեկ մարդ սպանվել է Մանդալայ քաղաքում` պատահական գնդակից: Թերթը գրում է, որ տղամարդը մոտոցիկլետ էր վարում քաղաքի այն տարածքում, որտեղ բողոքի ակցիան էր տեղի ունենում, երբ ոստիկանությունը ռետինե և մարտական փամփուշտները օդ արձակելով փորձում էր կասեցնել ցուցարարների շարասյան առաջընթացը: Փամփուշտը անդրադարձով դիպչել է մոտոցիկլիստի գլխին:
Երկու ցուցարար սպանվել է Բագո քաղաքում, որտեղ, բացի սպանվածներից, բողոքի ցույցը ցրելու ոստիկանության գործողության ընթացքում վիրավորվել և տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել ևս 15 մարդ, ասված է հաղորդագրության մեջ:
Մյանմարի ամենամեծ քաղաքում և երկրի նախկին մայրաքաղաք Յանգոնում զանգվածային փողոցային գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից առնվազն 3 ցուցարար է սպանվել:
Զինվորականները Մյանմարում իշխանության են եկել այն բանից հետո, երբ նախորդ ընտրական հանձնաժողովը և Ազգային ժողովրդավարական լիգա կուսակցության կառավարությունը մերժել են 2020 թվականի նոյեմբերի 8-ի համընդհանուր ընտրություններում ընտրողների ցուցակների և քվեաթերթիկների ենթադրյալ զանգվածային կեղծիքները քննարկելու և հետաքննելու ցանկացած հնարավորություն, որն իբր թույլ է տվել, որ կուսակցությունը ստանա խորհրդարանական տեղերի բացարձակ մեծամասնությունը:
Կարծիքներ