Համազգային փեսան վտանգել է մեր երկրի անվտանգությունը. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ այսօրվա նիստից բացակայում է ԲՀԿ խմբակցությունը: Օրակարգի առաջին հարցի զեկուցող ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին զեկուցելիս նշեց, որ ափսոսում է, որ ԲՀԿ-ն ներկա չէ:
«Ես ափսոսում եմ, որ բացակայում է ԲՀԿ-ն: 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կարևոր է նրանով, որ վերջին օրերի քննարկումները միտված էին կառավարության անհաջողություններին, որի արդյունքում եզրահանգումների էին լինում, որոնք պնդում էին, թե Կառավարության անդամների 97 տոկոսը պետք է փոխվի»:
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ հասարակության շրջանում «բայղուշություններ» անողներ են ի հայտ եկել:
«Մեր ժողովրդի մեջ վերջին շրջանում հայտնվեցին բայղուշներ և բայղուշություններ արեցին: Մեծ բայղուշություն արեց համազգային փեսան, որը իր սերիալներից մեկում անդրադարձ կատարեց անվտանգության ոլորտին և մեր բանակի վերջին ձեռքբերումներին: Եվ դա արեց շատ վատ եղանակով, և ըստ էության, վտանգեց մեր երկիրը: Դրանից առաջ ի հայտ եկան նաև հայտնի փորձագետներ, ժամանակին հայտնի դեմքեր, և իրենց ելույթներով վտանգեցին մեր երկրի անվտանգությունը՝ մեր հակառակորդին հուշելով հարձակումներ սկսել: Ես ուզում եմ այդ մարդկանց հիշեցնել, որ նրանք այդպիսով պատերազմ են հայտարարել մեր ժողովրդին, և արդեն իսկ պարտվել են այդ պատերազմում, քանի որ երկրի անվտանգությունը այսօր ապահովում է լեգիտիմ իշխանությունը»,- իր խոսքում նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Կարծիքներ