Համավարակը՝ որպես հնարավորություն. հայ տնտեսավարողները պաշտպանիչ միջոցներ են արտահանում

Համավարակը՝ որպես հնարավորություն. հայ տնտեսավարողները պաշտպանիչ միջոցներ են արտահանում

այաստանում տնտեսավարողները համավարակի ընթացքում պաշտպանիչ միջոցների ներմուծումից զատ, զարկ են տվել նաև տեղական արտադրությանը և անգամ սկսել են արտահանում իրականացնել: Ընկերություններից մեկը հավատարմագրման աշխատանքների հաջող ընթացքից հետո արտահանում կսկսի Գերմանիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Մենք նաև իրականացնում ենք պաշտպանիչ միջոցների արտահանում: Ընդ որում, երրորդ երկրներ արտահանումից բացի, փորձում ենք վաճառք իրականացնել նաև ԵԱՏՄ տարածքում: Այսինքն՝ միասնական աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսը և առկա սահմանափակումները ձևակերպեցինք որպես հնարավորություն, և մեր տնտեսավարողները, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ստեղծեցին բավարար հզորություններ՝ նախ տեղական շուկան բավարարելու, հետո արտահանելու համար»,-ասաց փոխնախարարը:

Հայկական արտադրության պաշտպանիչ միջոցների, օրինակ՝ դիմակների արտահանում իրականացվել է Վրաստան, Ուկրաինա: Բժշկական դիմակ արտադրող մեկ այլ ընկերություն էլ ներկայումս հավատարմագրման փուլում է, պետք է արտահանում իրականացնի Գերմանիա: Ընդ որում, այդ ընկերությունն արտադրությունը հիմնել է զրոյից: 

Փոխնախարարի խոսքով՝ մինչև համավարակը Հայաստանը դիմակներ հիմնականում ներմուծել է: Սակայն շատ կարճ ժամանակում Հայաստանում ձևավորվել է ախտահանիչ միջոցների, դիմակների արտադրություն: Համավարակի դժվար փուլում Հայաստանն իր աջակցություն է ցուցաբերել նաև հարևան Իրանին՝ օգնելով համապատասխան արտադրություններ ձևավորելու գործընթացում: «Համավարակի ժամանակ արտահանում է իրականացրել, մեր տնտեսավարողները նրանց վաճառել են սպիրտը, որի հիման վրա վերջիններս ստեղծել են ախտահանող միջոցների տեղական արտադրություններ»,-նշեց Սիմոնյանը:

Աննա Գրիգորյան 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում