Պաշտպանը Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու միջնորդություն ներկայացրեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով:
Միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, գործող կարգավորումների համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, ԱԺ պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, սակայն գործող կարգավորումները չի նախատեսում արդեն իսկ հարուցված քրեական հետապնդման շարունակության համաձայնություն ստանալու կառուցակարգ, ընթացակարգ: Միևնույն ժամանակ, սահմանադրական նորմը նախատեսում է բոլոր իրավիճակների վրա տարածվող անձնական անձեռնմխելիություն։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 23-ին ժամը 12:00-ին:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Կարծիքներ