Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից օգնություն չի ստանա, քաղաքացիությունից հրաժարվելը նրա կամավոր ընտրությունն էր. Բաշկին
Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները նրա անձնական ընտրության արդյունքն են:
Այդ մասին ria.ru-ին ասել է Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ Վարդանյանը չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։
«Քաղաքացիությունից հրաժարվելը կամավոր ընտրություն էր, հետևաբար այս քայլի բոլոր իրավական հետևանքները նրա ընտրության հետևանքն են, ինչը կարող է լավ օրինակ լինել նրանց համար, ովքեր կասկածում են ռուսական անձնագրի անգին լինելուն:
Ինչ-որ մեկին ի սկզբանե նման բախտ է տրվում, ճակատագրի նվերը (նկատի ունի ՌԴ քաղաքացիությունը), ևս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչպես պետք է գնահատել այն, ինչ տալիս է ճակատագիրը, ծնունդը և ծնողները:
Կարծում եմ, որ քաղաքացիությունից կամավոր հրաժարվելը իրավական հետևանքներ կունենա, քանի որ նա այժմ չի կարող Ռուսաստանի Դաշնությունից օգնություն ստանալ»,- ասել է Բաշկինը։
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ այսօր փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել են և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հստակ տեղեկություն չունի՝ Վարդանյանը հրաժարվե՞լ է ՌԴ քաղաքացիությունից, թե՞ ոչ: Եթե չի հրաժարվել, ապա ՌԴ-ն իր քաղաքացու ձերբակալման առնչությամբ քայլեր կձեռնարկի: Իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ տեղեկություն ստանալու, թե ո՞ւր են տարել Ռուբեն Վարդանյանին և ի՞նչ վիճակում է նա:
Հիշեցնենք, ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել էր, որ կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար:
Կարծիքներ