ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները փաստաթղթեր են ստորագրել առաջադեմ սպառազինությամբ զորքերի հանդերձման մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարներն Ալմաթիում ստորագրել են առաջադեմ սպառազինությամբ զորքերի հանդերձման և համատեղ վարժանքների մասին մի շարք փաստաթղթեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունում։
«Քննարկվել և ստորագրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի բաղադրիչները սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից և հեռանկարային նմուշներով հանդերձմանը, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության պլանավորմանը, ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի պատրաստման մեթոդաբանության կատարելագործմանը, ինչպես նաև տաջիկաաֆղանական սահմանի ամրապնդման՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նպատակային միջպետական ծրագրին և մի շարք այլ ծրագրերի», - տեղեկացրել են մամուլի ծառայությունում:
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել մայիսի 31-ին՝ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության շրջանակներում։
Կարծիքներ