Աֆղանստանում զինյալները կրակել են հարսանիքի հյուրերի վրա՝ հնչող երաժշտության պատճառով

Աֆղանստանում զինյալները կրակել են հարսանիքի հյուրերի վրա՝ հնչող երաժշտության պատճառով

Աֆղանստանում մի խումբ զինված անձինք, ովքեր ներկայացել են որպես «Թալիբանի» անդամներ, կրակել են հարսանիքի հյուրերի վրա՝ սպանելով առնվազն 2 և վիրավորելով 10 մարդու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են 13 զոհի մասին։

Պատճառը եղել է արարողության ժամանակ հնչած երաժշտությունը։ Դեպքը տեղի է ունեցել Նանգարհար նահանգում, երբ ամուսնանում էր միանգամից 4 զույգ։

Հաղորդվում է, որ ամուսնացող զույգերը «Թալիբանի» տեղի ղեկավարներից նախապես ստացել են թույլտվություն, որպեսզի կանանց համար նախատեսված գոտում երաժշտություն հնչի։ Սակայն երեկոյան սրահ են ներխուժել զինված անձինք՝ փորձելով կոտրել երաժշտական սարքավորումները։ Հյուրերի ընդդիմանալուց հետո նրանք կրակ են բացել։

Ըստ «Թալիբանի» ներկայացուցչի՝ միջադեպից հետո 3 հարձակվողներից 2-ը ձերբակալվել են։ Թալիբները նաև հաղորդել են, որ հարձակվողները գործել են իրենց անունից, սակայն սեփական «հաշիվներն են ունեցել»։

BBC-ն հիշեցնում է, որ 1996-2001 թթ․-ին՝ «Թալիբանի» նախորդ վարչակարգի ժամանակ, երաժշտությունը պաշտոնապես արգելված էր Աֆղանստանում։ Նոր իշխանություններն այդ հարցով կարգադրություններ դեռ չեն արել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում