Բելառուսը պահանջում է NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադրի արտահանձնումը
Բելառուսը Լեհաստանին ուղարկել է փաստաթղթեր EXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր եւ խմբագիր Ստեփան Պուտիլոյին եւ ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պորտասեւիչին արտահանձնելու մասին, հայտարարել են Քննչական կոմիտեում, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը:
«Քննչական կոմիտեն ուղարկել է փաստաթղթերը Պուտիլոյին եւ Պրոտասեւիչին արտահանձնելու հարցով: Այդ երկրի հետ մենք ունենք միջազգային պայմանագիր քրեական գործերում իրավական աջակցության մասին, որը նաեւ կանոնակարգում է արտահանձնման մասին հարցը»,-նշել է Քննչական կոմիտեի միջազգային իրավական բաժնի ղեկավար Միխայիլ Վավուլոն:
«Տեսնենք՝ որքանով այդ պետությունը կկատարի իր ստանձնած միջազգային պարտավորություններն անձանց արտահանձնման մասին, որոնք հետախուզվում են Բելառուսի Քննչական կոմիտեի կողմից քրեական գործով»,-ընդգծել է Վավուլոն:
Sputnik-ի հաղորդմամբ՝ Պուտիլոյին եւ Պրոտասեւիչին մեղադրանք է առաջադրվել խմբակային գործողություններ կազմակերպելու հատկանիշներով, որոնք կոպտորեն խախտել են հասարակական կարգը եւ շրջանցել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջները, ինչի հետեւանքով խոչընդոտվել է տրանսպորտի, ձեռնարկությունների եւ կազմակերպությունների աշխատանքը:
Բացի այդ, նրանք մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, որոնք ուղեկցվել են մարդկանց նկատմամբ բռնությամբ, կողոպուտով, ունեցվածքի ոչնչացմամբ եւ իշխանության ներկայացուցիչների վրա զինված դիմադրությամբ:
Նաեւ նրանց մեղադրանք է առաջադրվել կանխամտածված գործողություններ կատարելու մեջ, որոնք ուղղված էին սոցիալական թշնամանք եւ պառակտում առաջացնելուն ուրիշ սոցիալական պատկանելիության հատկանիշներով, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից:
Կարծիքներ