Բացահայտվել է Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքը. Երևանի բնակիչը ձերբակալվել է
Պարզվել են Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.
«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:
Դեպքի առթիվ 2022թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված ավտոճանապարհի Չարենցավանի ցուցանակի մոտ անհայտ անձի դիակ կա:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր կողմից վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթացող ուղղության վրա, վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի 49-ամյա բնակչին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ դիմել է փախուստի՝ տղամարդուն անզգուշությամբ պատճառելով մահ:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչը, ով հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ, «BYD» մակնիշի ավտոմեքենան առգրավվել է, 49-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:
Երևանի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ