Հայաստանում Նենսի Փելոսին դատապարտել է Ադրբեջանի անօրինական հարձակումները․ DW-ի անդրադարձը
Գերմանական DW-ն, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևան այցին, նշում է, որ նա դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի անօրինական սահմանային հարձակումները։Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Լրատվամիջոցը գրում է, որ Փելոսին ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելում է Հայաստան 1991 թվականին Խորհրդային միությունից անկախություն ձեռք բերելուց հետո։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ իր այցը նշանակալից է «հայկական տարածքի վրա Ադրբեջանի կողմից անօրինական և մահաբեր հարձակումներից» հետո՝ դատապարտելով «հարձակումը Հայաստանի ինքնիշխանության վրա»։
Նա նշել է, որ կարևոր է ընդգծել հակամարտության ժամանակագրությունը։
«Դա նախաձեռնել են ադրբեջանցիները, և դա պետք է ճանաչվի»,- ասել է Փելոսին։ Լրատվականը գրում է, որ ըստ վերլուծաբանների՝ Ադրբեջանը տեսել է հնարավորություն, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և հարձակվել Հայաստանի վրա։
Մեջբերվում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստանը շատ դժգոհ է ՀԱՊԿ-ից և ակնկալիքները արդարացված չեն՝ կառույցը նմանեցնելով ատրճանակի, որը փամփուշտ չի արձակում։
Նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ հրադադարի հաստատման միջնորդության համար այն բանից հետո, երբ Մոսկվայի կողմից հրադադար հաստատելու ավելի վաղ փորձերը ձախողվել են:
«Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին իրենց միջնորդությամբ ձեռք բերված փխրուն հրադադարի համաձայնության համար»,- ասել է նա Փելոսիի հետ կայացած մամուլի ասուլիսում։
Կարծիքներ