Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ների միջև
Հունիսի 17-ին Կիևում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ուկրաինականը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը:
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակին, քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր:
Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը:
Ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։
Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է ուկրաինական պատվիրակությանը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանն ուղված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ, որի հիմքում ընկած են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։
Կարծիքներ