Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային. Մարուքյան
Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրեց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ: Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն առիթով վարկաբեկեն իրենց իսկ ներկայացուցչին և դրանով օգնեն մեզ կամ այլոց:
Հայաստանի ներսում ամբողջովին հակառակ պատկերն է. այստեղ պետությունն ու իշխանությունն այդպես էլ ընդդիմության աչքում չեն տարանջատվում: Հիմա որ մեր պառլամենտում կամ մամուլում ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն մեր պետության ներկայացուցչին, ի՞նչ կարծիքի եք՝ դրանից ո՞վ է շահում. մի անգամ ասել եմ ու կրկնում եմ՝ միայն Թուրքիան:
Հայաստանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային:
Անձնական և քաղաքական ճաշակը մի կողմ դրեք, երբ պետության հարցն է։ «Հայաստանը՝ ամեն ինչից վեր» սկզբունքը սա է պահանջում»:
Կարծիքներ