Քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը
2021թ. Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի համար ճշգրտված տարեկան բյուջեն կազմել է 26 մլրդ 216 մլն 114 հազար դրամ, կատարողականը եղել է 95,38 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Գյուղատնտեսական համախառն արտադրանքը հաշվետու տարում կազմել է 933 մլրդ դրամ: Գյուղատնտեսական ՀՆԱ-ն նվազել է 1,1 տոկոսով: Վահան Քերոբյանի պարզաբանմամբ` այս ցուցանիշի համար նպաստող գործոն է հանդիսացել սակավաջրությունը:
Զեկուցողն անդրադարձել է հաջողությամբ իրականացված գյուղատնտեսության արդիականացման ծրագրերին: Նրա խոսքով` գյուղատնտեսությունում գլխավոր մարտահրավերն է գյուղատնտեսության խոշորացումն ու արտադրողականության ավելացումը:
Վահան Քերոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել հաշվետու տարում խաղողի մթերման հետ կապված խնդիրների, 2022 թ. կանխատեսվող իրավիճակի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Լարսի անցակետում բեռնափոխադրումներին առնչվող հարցերին և լուծման հնարավոր ուղիներին:
Կարծիքներ