Երևանը մինչև դեկտեմբեր ևս 150 նոր ավտոբուս կունենա.քաղաքապետ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքացիներին խնդրեց մի փոքր էլ սպասել տրանսպորտի խնդրի վերջնական լուծման համար:
«Երևանում տրանսպորտի հետ կապված խնդիր ունենք, որը չեմ թաքցնում: Այդ խնդիրը քայլ առ քայլ լուծում ենք: Առիթից օգտվելով՝ կխնդրեմ, որ մեր քաղաքացիները մի փոքր էլ դիմանան, և այդ խնդիրը վերջնականապես հնարավոր կլինի լուծել: Մենք անցած տարի ձեռք բերեցինք 211 8.6 մետրանոց ավտոբուսներ: Մեկ ամիս առաջ պայմանագիր կնքեցինք, որպեսզի ձեռք բերենք 12 մետրանոց 87 ավտոբուս»,- ասաց Սարգսյանը:
Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսում, որ հնարավորություն լինի մասնավոր օպերատորներին ներգրավել տրանսպորտային երթևեկության մեջ:
«Լինելու է այն տրամաբանությամբ, որ մենք օպերատորներին վճարելու ենք իրենց վարած յուրաքանչյուր մեկ կմ-ի համար, իսկ հավաքագրումը, որպես այդպիսին, տեղի է ունենալու քաղաքապետարանի կողմից»,- ասաց նա:
Կարծիքներ