Արմավիրում դիտարկվել է պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը. հայտնաբերվել են թերություններ
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այսօր դիտարկել են մարզի մի շարք բնակավայրերում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։
Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Առաջին կանգառը Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի մանկապարտեզն է եղել: Փոխնախարարն ու մարզպետը ծանոթացել են արդեն ավարտված և շահագործման հանձնված մանկապարտեզում կատարված աշխատանքներին:
Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում ենթածրագրի արժեքը 37,94 մլն ՀՀ դրամ էր, որն իրականացվել է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Վերանորոգվել է Ոսկեհատի մանկապարտեզը՝ 460քմ մակերեսով, սաների թիվը՝ 35 երեխա:
Հաջորդ կանգառը Էջմիածին քաղաքի՝ պետական ծրագրով կառուցվող թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզն է եղել: Ծրագրի արժեքը 270․5 մլն ՀՀ դրամ է, ֆինանսավորումն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Հիմնանորոգվող մանկապարտեզն ունի 2427.6 քմ մակերես, սաների թիվը՝ 174:
Հաջորդիվ այցելել են Մեծամոր համայնքի վարչական շենք: Պետական ծրագրով կառուցվող շենքի մեկնարկը տրվել էր 2023 թվականին, ավարտը նախատեսվում է 2024թ-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 252մլն 425,0 ՀՀ դրամ է (35% կառավարության, 65% համայնքի համաֆիանսավորմամբ)։
Հիմնանորոգվող շենքի մակերեսը կազմում է 915,4 քմ։
Արգավանդ գյուղում դիտարկվել է բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ենթածրագիրը՝ 115,97 մլն ՀՀ դրամ արժեքով, 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Տալվորիկ գյուղում ծանոթացել են Գևորգ Չավուշի փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքներին։ Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 35.3 մլն դրամ է (60% համայնք, 40% պետության համաֆինանսավորմամբ):
Շրջայցի ընթացքում նշված օբյեկտում արձանագրվել են մի շարք թերություններ։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը նշել է, որ կատարված աշխատանքի դիմաց վճարում կիրականացվի բացառապես առկա թերությունները վերացնելուց հետո։
Եղել են նաև Հուշակերտ գյուղում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվող մանկապարտեզի աշխատանքներին:
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102 մլն 37 ՀՀ դրամ: Ֆինանսավորումն իրականացվելու է 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ:
Շրջայցի վերջին կանգառը Արմավիր համայնքի Արաքս և Սարդարապատ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող մանկապարտեզներն են եղել։
Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 279 մլն 930.416 ՀՀ դրամ է (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ)։
Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցման ենթածրագրի արժեքը՝ 20 մլն 887.690 ՀՀ դրամ (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ):
Կառուցվող ու վերակառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում խիստ կարևորվել է աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը:
Պետական համաֆինանսավորման և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների մշտադիտարկումները և հսկողությունը կրելու է շարունակական բնույթ:
Կարծիքներ