Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման բոլոր մասնակիցների մոտ իմունիտետ է ձևավորվել. ռուս մասնագետ
Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկմանը մասնակցած բոլոր կամավորների օրգանիզմում ներկայում հիվանդության նկատմամբ իմունիտետ է ձևավորված:
Ինչպես նշում է eadaily.com-ը, այս մասին ասել է Սեչենովի անվան պետական համալսարանի դեղամիջոցների կլինիկական հետազոտման կենտրոնի ղեկավար Ելենա Սմոլյարչուկը:
Նա մանրամասնել է, որ իմունիտետը ձևավորվել է պատվաստանյութի ներարկումից օրեր անց, սակայն օրգանիզմն առավել պաշտպանված կլինի պատվաստանյութի ստացումից երեք շաբաթ հետո, երբ իմունային համակարգի ռեակցիան գործի կդրվի:
«Որքան երկար կպահպանվի պատվաստման իմունիտետը՝ հայտնի չէ»,-ասել է Սմոլյարչուկը՝ ընդգծելով, որ այդ հարցին կարող են պատասխանել բժիշկները՝ կլինիկական փորձարկումների հաջորդ փուլից հետո:
«Եթե պատվաստանյութն ապացուցի իր արդյունավետությունը, այն կգրանցվի, կսկսվեն նոր, ավելի մասշտաբային հետազոտություններ, որոնց կմասնակցեն մեծ քանակությամբ մարդիկ: Նրանց կպատվաստեն ու կհետևեն՝ հասկանալու համար, թե որքան երկար կպահպանվի իմունիտետը»,-բացատրել է մասնագետը:
Նշվում է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել են հունիսի 18-ին:
Ավելի վաղ հեղինակավոր Bloomberg հանդեսը հայտնել էր, որ Ռուսաստանի բիզնես և քաղաքական էլիտայի ներկայացուցիչները դեռևս ապրիլին են ստացել նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի դեմ փորձնական պատվաստանյութի նմուշները: Խոսքը մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ «Ռուսալ»-ի տնօրենների, ինչպես նաև միլիարդատերերի, պետական պաշտոնյաների մասին է: Նրանք ստացել են Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության պետական հետազոտական ինստիտուտի մշակած պատվաստանյութը: Նշվում է, որ ծրագիրը, որի շրջանակում «արտոնյալները» փորձնական պատվաստանյութ են ստացել, թեև օրինական է, սակայն գաղտնի է պահվում, որպեսզի պատվաստանյութը ցանկացողների «գրոհ» չլինի: Այս մասին պատմել է ծրագրին քաջատեղյակ մի հետազոտող՝ մանրամասնելով, որ ծրագրին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:
Կարծիքներ