Պետդումայի պատգամավորն անդրադարձել է ՀՀ ընտրություններին

Պետդումայի պատգամավորն անդրադարձել է ՀՀ ընտրություններին

Խորհրդարանական ընտրություններում քվեարկած Հայաստանի քաղաքացիները կողմ են Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության խորացմանը, հակառուսական ուժերը չեն հավաքել ձայների նույնիսկ 1%-ը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ընտրությունների դիտորդության հարցով ստորին պալատի պատվիրակության նախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանում երեկ ընտրությունների ժամանակ շատ մեծ մասնակցություն է եղել, հերթեր են եղել բոլոր տեղամասերում, միայն շոգն է խանգարել: Ըստ խորհրդարանականի՝ ընտրողների համար հիմնական խնդիրներից մեկը «Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն էր, Ռուսաստանի հետ ավելի խոր ինտեգրումը ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով»:

Վոդոլացկին նշել է, որ պարտվող կուսակցությունները «պետք է իրենց համար շատ դժվար որոշում կայացնեն և նստեն բանակցությունների սեղանի շուրջ»:

«Քաղաքացիական հասարակությունն այսօր բաժանված է, բայց նրանց միավորում է Ռուսաստանի հետ աշխատելու ցանկությունը: Հետևաբար, հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ, մարդկանց փողոց չհանել, բախումներ չհրահրել, այլ նստել և համաձայնության գալ՝ հանուն Հայաստանի բարեկեցության»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ Հայաստանը կարիք ունի աշխատատեղերի ավելացման:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում