Սարգսյանն ու JICA-ի նախագահը փոխգործակցության ընդլայնման հնարավորություններ են քննարկել
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Կիտաոկա Շինիչիի հետ: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Ճապոնիա՝ նշելով, որ իրենց գործակալությունը Հայաստանի հետ տարիների համագործակցություն ունի և ուրախ է Հայաստանի նախագահի հետ քննարկել ապագա փոխգործակցության ուղղությունները:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործակալության աջակցությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների ու ծրագրերի համար. «Մենք բոլորս, սակայն, ապրում ենք ոչ թե այսօրվա, այլ վաղվա համար: Որպես երկրի նախագահ՝ առաջարկում եմ մտածել վաղվա համագործակցության մասին և քննարկել, թե ինչ կարող ենք անել միասին»:
Կողմերը քննարկել են բնական աղետների կառավարման և կանխարգելման ոլորտներում փոխգործակցության խորացման, ինչպես նաև մի շարք այլ՝ գիտության ու բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Կարծիքներ