Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը

Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը։

«Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասն ու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2. Հավելվածով հաստատված կանոնադրության՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, սեյսմիկ անվտանգության, տեխնիկական անվտանգության ապահովմանն ուղղված և նյութական պահուստի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից։

3. Հավելվածով հաստատված կանոնադրության՝ լիցենզիաների տրամադրման, վտանգավոր բեռների փոխադրումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կարգապահական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմինների մասով աջակցող ստորաբաժանումների գործառույթների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում այդ ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը»,- ասված է որոշման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում