ԱՄՆ առաջին տիկինը հանդիպել է Սլովակիայի նախագահի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, երկուշաբթի օրը Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է TASR լրատվական գործակալությունը։ Այս հանդիպումով ավարտվեց ԱՄՆ առաջին տիկնոջ եվրոպական շրջագայությունը: Այն սկսվել էր մայիսի 5-ին, որի ընթացքում նա այցելել էր նաև Ռումինիա։
Ջիլ Բայդենի շրջագայության նպատակն էր ԱՄՆ աջակցությունը հայտնել ուկրաինացի փախստականներին և Ուկրաինայի հետ սահմանակից Կենտրոնական Եվրոպայի երկրներին, որոնք ընդունում են փախստականներին։ Սլովակիայում նա այցելել է Բրատիսլավա, Կոսիցե քաղաք և հանրապետության արևելքում գտնվող Վիշնե-Նեմեցկե գյուղ։
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Վիշնե-Նեմեցկեից ԱՄՆ առաջին տիկինը կիրակի մեկնել էր Ուժգորոդ, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի հետ։
ԱՄՆ առաջին տիկնոջ նախորդ պաշտոնական այցը Սլովակիա կայացել է 1999թ.-ին։ Այդ ժամանակ Սլովակիա էր այցելել նախագահ Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը։
Կարծիքներ