Փաշինյանն արդյունաբերական ոլորտը համարում է ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից մեկը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդյունաբերական ոլորտը համարում է Եվրասիական տնտեսական միության տնտեսական համակարգի շարժիչ ուժերից մեկը: Այս մասին Փաշինյանն ասաց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլանված կազմով նիստում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց քննարկվող «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2025թ.» փաստաթղթի կարևորությունը:
«Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ հենց արդյունաբերական ճյուղն է հանդիսանում Միության տնտեսական համակարգի շարժիչ ուժերից մեկը: Ապրանքների միասնական լիարժեք շուկայի ստեղծումն, առանց այդ ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն մշակելու, գործնականում իրագործելի չէ։ Մենք հետաքրքրված ենք նրանով, որ բարձրացնենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակությունն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ԵԱՏՄ գործունեությունը, որը հավելյալ ազդակ է հաղորդել անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացմանը, այսօր առաջ է շարժվում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես չեզոքացնում են ընդհանուր առմամբ միջպետական ինտեգրման հետևանքները։
«Դրանք և' համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներն են, և' համաշխարհային տնտեսության փոխակերպումն է, որտեղ ավելի ու ավելի պահանջված են դառնում բարձր տեխնոլոգիաները: Նոր պայմաններն ի հայտ բերեցին առողջապահության, կրթության և սոցիալական բնագավառներում համագործակցության անհրաժեշտություն»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների իր գործընկերներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, ևս մեկ անգամ հաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը և անփոփոխ որոշումը` առաջարկել բոլոր ջանքերը, որոնք անհրաժեշտ են տնտեսական համագործակության ոլորտների մեծացման և միության ինտեգրացիոն պոտենցիալի հետևողական բացահայտնման համար:
Կարծիքներ