Հրապարակվել է Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թ. ռազմավարության նախագիծը
Հրապարակվել է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարությունը», ըստ որի Հայաստանի Հանրապետության հետանկախացման շրջանում առաջին անգամ փորձ է արվում ձևակերպել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման ու արդիականացման համապարփակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը:
Ռազմավարությունն արդեն հրապարակվել է E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, որտեղ նշվում է, որ ՀԿԲ ռազմավարությունը հենվում է մինչ օրս պետական կառավարման համակարգի և ենթահամակարգերի ձևավորման, կայացման ու զարգացման ուղղությամբ իրականացված գործընթացների, ձեռքբերումների ու կուտակված դրական փորձի, ձախողումների ու քաղված դասերի վրա:
Այս նոր ռազմավարության մշակման համար առանցքային նշանակություն են ունեցել 2020 թվականին երկրին պատուհասած ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի և Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգում դրսևորված լրջագույն մարտահրավերներն ու խորքային խնդիրների հետ առերեսումը:
Ռազմավարության մեջ նաև ասվում է, որ Հանրային կառավարման բարեփոխումների հենման կետը պետության և հասարակության արժեքային հիմքն է ու սոցիալ-մշակութային համատեքստը, պետության արդիականացման օրակարգը, պետություն-հասարակություն փոխհարաբերությունների բնույթի, ծավալների և ձևի վերարժևորումը՝ առաջադեմ հասարակություն և պետություն կայացնելու ճանապարհին, հանրային-պետական շահի և քաղաքական գործընթացների հավասարակշռումը՝ հօգուտ երկրի կայունության, անվտանգության և զարգացման:
Կարծիքներ