4 ադրբեջանցի մարզիկ կգա Երևան. ծանրամարտի առաջնության ժամանակ որևէ սադրանքի դեպքում Հայաստանը կարող է որակազրկվել
Ադրբեջանը մասնակցելու է Հայաստանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը, որն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը։ Այս մասին հայտնում է Հայկական ժամանակը:
Ադրբեջանն առաջնությունում կներկայացնի 4 մարզիկ՝ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ), Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):
Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք մրցաշարում, ըստ նախնական հայտերի, մասնակցելու է 40 երկրի 500-ից ավելի ծանրորդ։ Հայաստանի կառավարությունն ու Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն անվտանգության բոլոր երաշխիքները տվել են մրցումների բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ ադրբեջանցի մարզիկներին։
Ադրբեջանի մասնակցությունն այսօր հաստատել են նաև երկրի ծանրամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ ստացել են իրենց մարզիկների համար համապատասխան անվտանգության երաշխիքներ։
Բնական է, որ հայկական կողմը բոլոր մարզիկների համար պարտավոր է ապահովել անվտանգ միջավայր, քանի որ սա առաջին հերթին մեր երկրի հեղինակության հարցն է, ու եթե ուզում ենք ապագայում ևս նման բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալենք, ապա պարտավոր ենք ամենաբարձր մակարդակով ու պատշաճ կազմակերպել այս առաջնությունը։ Մյուս կողմից էլ գաղտնիք չէ, որ Հայաստանը չէր կարող մերժել ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը, քանի որ առաջնության «տերը» միջազգային ֆեդերացիան է. ինչքան էլ այն անցկացվի Հայաստանում, մենք պարտավոր ենք ենթարկվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ընդունած նորմերին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ ադրբեջանցի մարզիկները Հայաստան են եկել 2009 թվականին Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ։
Կարծիքներ