Ճապոնիան սկսել է ընդունել ուկրաինացի փախստականներին՝ առանց երկրում ապրող երաշխավորների

Ճապոնիան սկսել է ընդունել ուկրաինացի փախստականներին՝ առանց երկրում ապրող երաշխավորների

Ճապոնիայի կառավարությունը թույլ է տվել ընդունել ուկրաինացի փախստականներին, որոնք երկրում ապրող երաշխավորներ չունեն, այսինքն՝ հարազատներ կամ ծանոթներ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն:

Ըստ Kyodo-ի՝ Մացունոն նշել է, որ Ուկրաինայից փախստականները կկարողանան մուտքի արտոնագիր ստանալ պարզեցված ձևաչափով, ինչպես նաև նրանց երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ չի լինի նոր կորոնավիրուսով վարակման բացակայության վկայական։ Բացի այդ, Ճապոնիայի իշխանությունները կքննարկեն միջոցներ ուկրաինացի փախստականներին բնակարանային ապահովման և աշխատանքի տեղավորման հարցում աջակցելու համար։

Մարտի 15-ին Ճապոնիայի արդարադատության նախարար Յոսիհիսա Ֆուրուկավան հայտարարեց, որ Ուկրաինայից փախստականները կարող են ստանալ մեկ տարվա վիզա, որը թույլ կտա նրանց աշխատել։

Մարտի 2-ից ի վեր Ճապոնիայի իշխանությունները ընդունել են 73 ուկրաինացի փախստականների, հայտնում է Kyodo-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում