ՀՀ նախագահը և Չինաստանի դեսպանը կարևորել են փոխգործակցության ընդլայնումը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը մեծ ավանդ կներդնի՝ ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Մեր երկու երկրներն ունեն ամուր ու խորը հարաբերություններ, համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ: Մենք ապացուցել ենք, որ կարող ենք լինել լավ գործընկերներ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Դեսպան Ֆան Յունը Հայաստանի նախագահին է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը: Նշելով, որ Հայաստան ժամանելուն պես մեծ հյուրընկալություն է զգացել՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն բարեկամության երկար տարիների լավ ավանդույթներ և ակնկալում է շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունների զարգացումը:
Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի շուրջ: Նրանք կարևորել են փոխգործակցության ընդլայնումը նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Չինաստանից Հայաստան ուղիղ օդային հաղորդակցության, նաև մեր երկրի տարածքով դեպի ԱՄՆ կամ Եվրոպա տարանցիկ թռիչքների հնարավորությունը: Կարևորվել է նաև համագործակցությունը զբոսաշրջային ոլորտում:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, ստեղծված իրավիճակին:
Կարծիքներ