Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու ջանքերը «հաջող չեն»

Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու ջանքերը «հաջող չեն»

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ջանքերը, նվազեցնելու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը, «հաջող չեն»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CBS News-ին հարցազրույցում նա մեղադրել է ՀԱՄԱՍ-ին, թե խմբավորումը թույլ չի տալիս, որ մարդիկ Իսրայելի կողմից տրամադրված միջանցքներով ավելի ապահով վայրեր տեղափոխվեն՝ չնայած Իսրայելը նման կոչեր պարունակող թռուցիկներ է բաժանում պաղեստինցիներին։

«Մենք ամեն բան անում ենք, որ քաղաքացիական անձինք հեռանան վտանգավոր վայրերից, սակայն ՀԱՄԱՍ-ն անում է ամեն բան, որ պահի նրանց վտանգավոր վայրերում... Մենք կփորձենք մեր գործը (խմբ․՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու) ավարտել քաղաքացիական բնակչության շրջանում նվազագույն զոհերով, մենք դա ենք փորձում անել... սակայն, ցավոք, մեզ դա չի հաջողվում», - ասել է Նեթանյահուն։

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտարարել է, որ Գազայի հատվածի ալ Շիֆա հիվանդանոցի մոտ գտել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից օգտագործվող թունել։ ԻՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով թունելի մուտքը։

Բացի այդ, հրապարակվել են լուսանկարներ, որոնցում, ԻՊԲ-ի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ի թունել է և զենքի պահեստ երկու այլ հիվանդանոցների՝ Ռանթիսիի և ալ Քուդսի տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում