Լոնդոնի Բարձր դատարան հայց է ներկայացվել TikTok հավելվածի դեմ՝ միլիարդավոր ֆունտերի փոխհատուցման պահանջով
Լոնդոնի Բարձր դատարան հայց է ներկայացվել TikTok-ի ու նրա մայր ընկերության՝ ByteDance-ի դեմ՝ միլիոնավոր եվրոպացի երեխաների անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման մեղադրանքների հետ կապված, հայտնում է Reuters-ը:
Երեխաների գործերով Անգլիայի նախկին հանձնակատար Էն Լոնգֆիլդը, որը գլխավորում է խմբային հայցը, հայտարարել է, որ տուժած երեխաներից յուրաքանչյուրը կարող է հազար ֆունտ ստանալ, եթե հայցը բավարարվի:
Նրա խոսքով՝ 2018-ի մայիսի 25-ից TikTok օգտագործող յուրաքանչյուր երեխա կարող է ByteDance-ի կողմից TikTok-ի միջոցով անօրինական հավաքված անձնական տեղեկատվություն ունենալ՝ հօգուտ անհայտ երրորդ անձանց: «Ծնողներն ու երեխաներն իրավունք ունեն իմանալու, որ անձնական տեղեկությունները, ներառյալ՝ հեռախոսահամարները, ֆիզիկապես գտնվելու վայրն ու նրանց երեխաների տեսանյութերը, ապօրինի են հավաքվում»,- ասել է նա:
TikTok-ի ներկայացուցիչը նշել է, որ գաղտնիությունն ու անվտանգությունը ընկերության համար առաջնային գերակայություններն են, եւ որ այն ունի հուսալի տեխնոլոգիաներ, որոնք օգնում են պաշտպանել բոլոր օգտվողներին, հատկապես՝ դեռահասներին: «Մենք կարծում ենք, որ պնդումներն անհիմն են»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
TikTok-ը աշխարհի ամենատարածված ծրագրերից մեկն է, հատկապես՝ երիտասարդների շրջանում, եւ միայն Եվրոպայում ունի շուրջ 100 միլիոն օգտվող:
Բայց հայցվորները, Scott & Scott իրավաբանական գրասենյակի խորհրդով, պնդում են, որ TikTok-ը խախտել է տվյալների պաշտպանության մասին Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության օրենքները` առանց անվտանգության համապատասխան միջոցների, թափանցիկության կամ խնամակալների համաձայնության մշակելով երիտասարդների տվյալները:
Հայցում պահանջվում է, որ ընկերությունը հեռացնի երեխաների բոլոր անձնական տեղեկությունները, եւ ասվում է, որ հաջողության դեպքում վնասի փոխհատուցումը կարող է «միլիարդավոր ֆունտեր» կազմել։
Կարծիքներ