Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացման արարողությունը մեկնարկեց Եվրոպայի առաջնության պատմական ակնարկով՝ վերհիշելով նախորդ առաջնությունները հյուրընկալած երկրները: Այնուհետ մեկնարկեց առաջնությանը մասնակցող երկրների ներկայացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրը բացման արարողությանը Նարեկ Մանասյանն էր:

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Մենք ցանկամում ենք խրախուսել ոչ միայն բռնցքամարտի, այլ նաև մասսայական սպորտի զարգացումը»,- բացման արարողության իր խոսքում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Մարզիկներին, կազմակերպիչներին ողջույն խոսքով դիմեցին նաև Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը եւ բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը:

Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման արարողությունը պաշտոնապես բացեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ով իր խոսքում հաջող և արդար պայքար մաղթեց բոլոր մասնակիցներին:

Մարզիների անունից մարզիկների երդման տեքստը կարդաց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը, իսկ մրցավարների երդման արարողությունը կատարեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:

Պաշտոնական արարողությանը հաջորդեց մշակութային մասը, որը լի էր հայկական էսքիզներով:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը կմասնակցի 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները կկայանան 30-ին:  Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան-գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ:

Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:  

Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ),Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան: