Մեր խորհրդարանների միջև վերջին 10 տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվել. Ալեն Սիմոնյանը` Չեխիայի դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցությունն ավելի կընդլայնվի և կխորանա:
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում: «Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների միջև վերջին տասը տարիներին բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկառովա-Ադամովային հրավիրել եմ այցելել Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Չեխիայի հետ համագործակցության խորացման հարցը:
Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից և Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ իրականացվող Ադրբեջանի ագրեսիայից` նորանշանակ դեսպանը հարցի հանգուցալուծման համար կարևորել է խաղաղ երկխոսելու ճանապարհը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ իր առաքելության ընթացքում ջանքեր չի խնայելու հայ և չեխ ժողովուրդներին միմյանց պատմությանը, մշակույթին հաղորդակից դարձնելու համար:
Կարծիքներ