«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան

«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սամվել Հովսեփյանի թիվ 116 հիմնական դպրոցում ներկա է եղել դասական երաժշտության «ԴասA» ծրագրին:

Դանիել Դանիելյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթամշակութային ծրագրերի իրականացմանը. «Կրթված և դաստիարակված մարդը պետք է ամեն ինչից գաղափար ունենա: Մշակույթն ընդհանուր կրթության անբաժան մասնիկն է։ Այսօրվա դասը‚ որին դուք կմասնակցեք‚ ընդամենը մի կաթիլ է երաժշտական մեծ աշխարհից, որը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց։ Երաժշտությունը շատ բազմազան է‚ բազմաժանր ու բազմաշերտ‚ և խորհուրդ եմ տալիս շատ ուշադիր լինել։ Գուցե դասից հետո ձեզ մոտ ցանկություն առաջանա համացանցում փնտրել հետաքրքիր տեղեկություններ երաժշտության գեղեցիկ աշխարհի մասին‚ իսկ գուցե նաև գրանցվեք երաժշտական կամ արվեստի դպրոցում և ավելի խորությամբ ուսումնասիրեք մշակույթը։ Արվեստով‚ երաժշտությամբ զբաղվելը ձեզ կօգնի նաև ավելի լավ սովորել հայոց լեզուն‚ պատմությունը‚ մաթեմատիկան կամ մյուս առարկաները»։

«ԴասA» ծրագրի շրջանակում աշակերտների հետ հանդիպումներն անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները խաղերի‚ վիկտորինաների միջոցով երեխաներին գիտելիքներ են փոխանցում կոմպոզիտորների‚ նրանց ստեղծագործությունների‚ երաժշտական գործիքների‚ նվագախմբի կառուցվածքի‚ դիրիժորի դերի‚ համերգներին այցելության կանոնների և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ։

Սամվել Հովսեփյանի անվան թիվ 116 հիմնական դպրոցում աշակերտներն ունկնդրել են նաև Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների կատարումները։ Նշենք‚ որ դաս-հանդիպումներից բացի՝ երեխաներն ուսուցիչների ուղեկցությամբ այցելում են համերգասրահ՝ ունկնդրելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները։

Նշենք նաև‚ որ «ԴասA»-ի սոցիալական հարթակներում մշտապես կազմակերպվում են վիկտորինաներ և մրցույթներ, տրվում են մրցանակներ՝ աշակերտների ներգրավվածության բարձրացման և հետադարձ կապի ապահովման նպատակով:

Թիվ 116 հիմնական դպրոցի աշակերտներից Ջոն Ճաղարյանը խոստովանում է‚ որ շատ բան չգիտի դասական երաժշտության մասին և այս հանդիպման շնորհիվ երաժշտության մասին հետաքրքիր և նոր տեղեկություններ է ստացել։ Կարինե Վարդանյանի խոսքով էլ՝ թեև ծնողների հետ այցելել է համերգների‚ սակայն «ԴասA»-ից ստացած գիտելիքները կօգնեն իրեն՝ ավելի լավ հասկանալու դասական երաժշտությունը։

Տեղեկացնենք‚ որ նախորդ տարիներին «ԴասA»-ն անցկացվել է ՀՀ ավագ դպրոցներում։ 2024 թվականից ծրագրի ծածկույթն ընդլայնվել է՝ ներառելով ՀՀ հիմնական և միջնակարգ դպրոցները։ Ընթացիկ տարում նվագախմբի ստեղծագործական թիմն այցելել է մայրաքաղաքի 16 և մարզային 2 դպրոց։ Ինտերակտիվ հանդիպումներին մասնակցել է ավելի քան 4000 դպրոցական։

Նշենք, որ դասական երաժշտության «ԴասA» ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: 2018 թվականից այն մուտք է գործել մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ կրթօջախներ՝ ներգրավելով հազարավոր աշակերտների։ Ծրագրի նպատակն է պատանիների շրջանում դասական երաժշտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն սերմանել‚ նրանց մատուցել բարձրարժեք երաժշտարվեստ, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում