Պարզաբանում՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու լուրերի մասին

Պարզաբանում՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու լուրերի մասին

Կառավարությունը պարզաբանում է տարածել Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ:

«Մամուլում շրջանառվող՝ Կառավարության կողմից «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասը 50 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ենք, որ Կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ոչ թե հավանություն է տրվել «Վիվա Արմենիա» ընկերությունում Կառավարության բաժնեմասը վաճառելու գործարքի, այլ Կառավարության որոշմամբ թույլատրվել է Կառավարության անունից «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր:

Օպցիոն պայմանագրով Կառավարությունը ստանում է իրավունք (սակայն ոչ պարտավո­րություն) մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած պահի պահանջելու, որպեսզի մյուս բաժնետերը Կառավարությունից գնի վերջինիս պատկանող 110,000 հասարակ բաժնետոմսերը 50 մլն ԱՄՆ դոլարով (որոշման հավելվածով նախատեսված պայմանների բավարարված լինելու դեպքում):

Այլ խոսքով՝ որոշումը Կառավարությանը իրավունք վերապահելու մասին է, որից օգտվելու կամ չօգտվելու հարցը որոշվելու է հենց Կառավարության կողմից՝ ըստ նպատակահարմարության»,- նշվում է պարզաբանման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում