Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները գործադիր տնօրենի տեղակալ Բերտրան Ուոլքենաերի գլխավորությամբ այսօր այցելել են Վեդիի ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ Նրանց ուղեկցել են Տարածքային ենթակառուցվածքների կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Պատվիրակության անդամներին ներկայացվել է Վեդիի ջրամբարի պատվարի և ոռոգման համակարգերի շինարարության ամբողջ ընթացքը։

Վեդու ջրամբարը կառուցվում է ՀՀ Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարային/ազատ հոսքը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 29․4 մլն մ3։ Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո։

Վեդու ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ

Ջրամբարի պատվարի շինարարությունն արդեն ավարտական փուլում է։ Աշխատանքների 97% կատարված է։

Ավարտված են ջրի փոխադրող ու ոռոգման համակարգերի շինարարական աշխատանքները, իսկ փորձնական տարածքներում ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքները շարունակվում են և կավարտվեն այս տարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում