Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ:

Կարևորելով կրթության դերակատարությունը թե՛ երկարատև խաղաղության հաստատման, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ կողմերն անդրադարձել են Հայաստանում կրթական գործընթացի կազմակերպմանը: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հետաքրքրվել է, թե ինչպես են հասցեագրվում մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումները կրթության բովանդակության, մասնավորապես՝ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների մեջ, ինչպես նաև, թե ինչ գործիքակազմ է կիրառվում կրթության մեջ երկարատև խաղաղության մշակույթի ձևավորման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի առաքելությունը. «Իսկապես, երկարատև խաղաղության հարցում շատ կարևոր է կրթության դերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի կրթության բովանդակության մեջ երբևէ չի գործել «հակա» գաղափարը:

«Ներկայում ներդրվող հանրակրթության պետական չափորոշիչը գիտելիքի և հմտությունների կողքին հավասարապես շեշտադրում է սովորողի արժեքները և դիրքորոշումները, որոնք, իհարկե, ամբողջությամբ արտացոլում են և համահունչ են մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգային դրույթներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ նոր չափորոշչով առաջադրվող կարողունակությունների մեջ, որպես առանձին բաժին, առկա է քաղաքացիական և ժողովրդավարական կարողունակությունը։

«Հանրակրթության բովանդակության մեջ գերակշռում են պետականակենտրոն մոտեցումները: Այդուհանդերձ, անկախ պատմական տարբեր ժամանակներում մեր երկրին և ժողովրդին պատուհասած փորձություններից՝ Հայաստանի կրթական ծրագրերը մշակվել են բացառապես մեր երկիրը սիրելու և պաշտպանելու պատրաստակամության և գիտակցության ձևավորման տեսանկյունից», - ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը և շեշտել՝ հանրակրթության պետական չափորոշիչն ու ծրագրերը լիովին համահունչ են երկարատև խաղաղության մշակույթի ձևավորման տրամաբանությանը:

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին կարևորել է կրթական ծրագրերում պատմական իրողությունների երկկողմանի և ամբողջական ներկայացնելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս արդարացի մոտեցումներ ցույց տալու նպատակով: Արթուր Մարտիրոսյանն այս համատեքստում կարևորել է միջազգային չափանիշներով Ադրբեջանի հանրակրթության բովանդակության ուսումնասիրումը՝ բացահայտելու հայատյացության դրսևորումները։

 

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ 2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում իրականացվում է տարածաշրջանային լեզուների՝ վրացերենի, թուրքերենի, պարսկերենի և ադրբեջաներենի ուսուցում, որն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնարար մի շարք իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի ապահովմանն ու ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներն այդ ուղղությամբ: Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը և, ի վերջո, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի բնիկ ողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն իրենց բնօրրանից՝ հետևում թողնելով հազարամյակների մշակութային ու կրոնական ժառանգությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրին՝ մասնավորապես ներկայացնելով պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ խեղաթյուրելու միջոցով հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու Ադրբեջանի քաղաքականությունը։

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է միջազգային կառույցների, այդ թվում՝ առաջնահերթ ՄԱԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության առումով՝ ներկայացնելով, որ ցայսօր Ադրբեջանը խոչընդոտում է մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում