Կայացել է ԱՀ ՄԻՊ-ին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առաջին նիստը
Մայիսի 20-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունեցել պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջը:
Խորհրդի կազմում ընդգրկված են բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ:
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ խորհուրդը պետք է ծառայի որպես հարթակ` համատեղելու բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների ներուժը` արձանագրելու և վերհանելու հրատապ լուծում պահանջող խնդիրները և ներկայացնելու դրանք համապատասխան իրավասու մարիններին:
Իր ելույթում ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, հետազոտական և մշտադիտարկման բաժնի պետ Մարինա Սիմոնյանն անդրադարձել է ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից այդ բնագավառում իրականացվող աշխատանքներին և մատնանշել որոշակի խնդիրներ։
Խորհրդի անդամները բարձրաձայնել են մի շարք խնդիրների մասին, այդ թվում բռնի տեղահանված անձանց և փախստականների սոցիալական ներառման, բնակարանային և զբաղվածության ապահովման, տարբեր իրավական ակտերի և ծրագրերի կատարելագործման վերաբերյալ։
Կարծիքներ