«Ֆրեսկո» միջազգային փառատոնի ծրագրում այս տարի ընդգրկված են հերոսներին հիշատակող միջոցառումներ
Օգոստոսի 14-29–ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը:
Փառատոնի գրասենյակից տեղեկացնում են, որ մեկնարկն այս տարի կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով:
Օգոստոսի 17-19-ը կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, որոնք ներառված են «Մանկական ծրագրի» և «Միջազգային փառատոնային օրերի» շրջանակում:
Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ՝ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ` 41 երկրից:
Երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը կլինի օգոստոսի 20-ին, Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում:
«Ֆրեսկո»-ն հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների և արվեստագետների, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում:
Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:
2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:
«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:
Կարծիքներ