ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու իրենց հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

Ողջունելով հյուրերին եւ ի դեմս նրանց իր շնորհակալության խոսքը փոխանցելով բարեկամ Ֆրանսիային, նրա նախագահին ու ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Դուք եկել եք Հայաստան՝ աջակցելու մեր երկրին, աջակցելու, որ կյանքեր փրկվեն: Լինելով այստեղ՝ դուք ոչ միայն օգնում եք հիվանդներին, բժիշկներին, այլ նաեւ նախարարությանը, որը պետք է դասեր քաղի ձեր փորձառությունից, ձեր հաջողություններից եւ ձախողումներից»:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին հյուրընկալության համար, նշել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ Հայաստան են ժամանելու նոր բուժաշխատողներ: Նա հատկանշական է համարել, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկներից ոչ մեկը հայկական արմատներ չունի եւ առաջին անգամ է բացահայտելու Հայաստանը: «Ես հույս ունեմ եմ, որ այս առաքելությունը նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում»,-ասել է դեսպանը: Նա նշել է, որ ֆրանսիացի մասնագետները Հայաստանում են՝ կիսելու իրենց փորձը եւ օգնելու Հայաստանին դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Նախագահ Սարգսյանը, բարձր գնահատելով ֆրանսիացի բժիշկների շնորհակալ աջակցությունը՝ նրանց առողջություն եւ ապահով վերադարձ է մաղթել Ֆրանսիա: «Մենք երբեք չենք մոռանալու, թե դուք ինչ եք արել Հայաստանի համար: Խնդրում եմ Հայաստան գալ նաեւ կորոնավիրուսից հետո,-ասել է նախագահը: -Ես հույս ունեմ, որ դուք այստեղ նաեւ ընկերներ ձեռք կբերեք: Ձեզ հետ Ֆրանսիա տարեք իմ սերն առ Ֆրանսիայի ժողովուրդ եւ նախագահ, ով ոչ միայն իմ, այլեւ մեր երկրի լավ բարեկամն է»:

Ֆրանսիացի բժիշկները նշել են, որ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, նրանց ներկայացրել իրենց փորձը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում