Դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Հրապարակումից հետո Առուշանյանն օբյեկտիվ որակեց դատարանի որոշումը: «Շինծու գործեր էին, հետևաբար արդարությունը հաղթեց»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  Առուշանյանը և հավելեց, որ շտապ պետք է մեկնի Գորիս:

Փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ ասաց, թե դատարանը որոշեց Քննչական կոմիտեի վարչության պետի միջնորդությունը մերժել հիմքերի բացակայության պատճառով:

2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով): Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պաշտոնական անփութություն), 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (ազատությունից ապօրինի զրկելը շահադիտական դրդումներով), 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն, որը կատարվել է բռնություն գործադրելով) հարուցված քրեական գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում