«Այբ» կրթական հիմնադրամն ամփոփել է Գյումրիում իրականացրած ծրագիրը
Այսօր ամփոփվել է «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիա հարթակի Գյումրիում իրականացրած ծրագիրը։ Շուրջ մեկ տարի Գյումրիի հանրակրթական դպրոցներում քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և մաթեմատիկա դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվել են աշխատարաններ, իսկ «Քան» ակադեմիայի առցանց ռեսուրսների հարթակը համալրվել է այդ առարկաների նոր տեսանյութերով։ Ավելի պարզ՝ օնլայն հարթակում աշակերտների համար ստեղծվել է ինքնակրթության հարթակ, որն օգնում է լրացնել դպրոցում բաց թողնված դասերը, ցանկացած թեմա ավելի լավ յուրացնել։ Հարթակը լավագույն տարբերակներից է հեռավար ուսուցում կազմակերպելու համար։
«Համավարակով պայմանավորված հեռավար կրթությունը դարձել է անհրաժեշտ, առօրյայի պարտադիր մաս և գտնում ենք, որ սա կարևոր քայլ է հատկապես այն առարկաներից, որոնց տեղայնացմամբ մենք զբաղվում ենք, քանի որ այդ առարկաներից հայալեզու ռեսուրսները իսկապես քիչ էին, սահմանափակ էին, երեխաները հնարավորություն չէին ունենում լավագույն կրթական ռեսուրսներն իրենց մայրենի լեզվով սովորել, իսկ հետո այդ գիտելիքները կիրառել։ Մեր աշխատանքի արդյունքում բնագիտամաթեմատիկական առարկաներից 800-ից ավելի նոր ռեսուրսներ համալրվել են կայքում »,- shantnews-ին ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։
Կրթական ծրագիրն ուղղված է բնագիտական ուղղությամբ չբացահայտված պոտենցիալը զարգացնելուն։ Ամռան ընթացքում աշակերտներին հնարավորություն է տրվել ինքնակրթությամբ զբաղվելով մասնակցել մրցույթի։ Մրցանակակիր դառնալու էին այն աշակերտները, որոնք ինքնուրույն կատարվող վարժանքների միջոցով կվաստակեին 500 հազար միավոր։
Այսօր պարգևատրվել են գյումրեցի 5 աշակերտներ, որոնցից երկուսը միավորների սահմանված շեմը հաղթահարել են մոտ 6 անգամ և գրեթե 3 մլն միավոր վաստակել։ Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև ծրագրին մասնակից ուսուցիչները։



Կարծիքներ