Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի խոշոր վթարից տուժած 14 անձից 6-ը շարունակում է բուժումը. հարուցվել է վարույթ
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին երեկ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում վնասվածքներ ստացած անձանցից 6-ը շարունակում է բուժում ստանալ․ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 25-ին, ժամը 14․50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու մոտակայքումտեղի է ունեցել ավտովթար երեք ավտոմեքենաների մասնակցությամբ։
Իրար են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Lexus GX» մակնիշի, Սևան քաղաքի բնակչի կողմից վարած «Գազ-32213» մակնիշի և Վարդենիս քաղաքի բնակչի կողմից վարած՝ «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները։ Վերջին երկու ավտոմեքենաներն իրականացնում էին ուղևորափոխադրումներ։
Վթարի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով «Սևան» և «Գավառ» բժշկական կենտրոններ են տեղափոխվել «Լեքսուս»-ի և «Գազել»-ի վարորդները, ինչպես նաև ուղևորափոխադրումներ իրականացնող «GAZ-32213» և «Mersedes» մակնիշի ավտոմեքենաների 14 ուղևորները։ Վնասվածքներ ստացած անձանցից 10-ն արդեն դուրս են գրվել բուժհաստատություններից, 6-ը շարունակում են ստանալ ստացիոնար բուժում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ։
Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ դեպքի հանգամանքները, վթարի առաջացման պատճառները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Կարծիքներ