Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները. Լավրով
Ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ օրերս Բելառուսում կայացել են ռուս-ուկրաինական բանակցություններ: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Կիևը վերլուծում է Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներն ու ձևավորում է իր դիրքորոշումը հաջորդ փուլի համար:
Նա տեղեկացրել է, որ Զելենսկին ամբողջությամբ տեղեկացված է երկու օր առաջ տեղի ունեցած բանակցություններից, և իրենք, դիրքորոշումը հստակեցնելուց հետո, կպատրաստվեն նոր հանդիպման։
Կուլեբան նշել է նաև, Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
«Սակայն մենք չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է դրանց ընթացքում իր վերջնագրերը հայտարարել: Բանակցությունները բանակցություններ են, և մենք խոսելու ենք ու փնտրելու լուծումներ: Սակայն մենք չենք պատրաստվում իրականացնել ռուսական վերջնագրերը»,- ասել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ Glavkom հրատարակությունը, հղում անելով ուկրաինական դիվանագիտության աղբյուրներին, հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին փուլում ռուսական կողմի առաջադրած որոշ պահանջների մասին։
Մասնավորապես, Մոսկվան պահանջում է.
Ուկրաինայի ոչ դաշինմքային կարգավիճակ՝ ամրագրված խորհրդարանական մակարդակով՝ հանրաքվեի անցկացմամբ
Ուկրաինայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ պետությունների ճանաչում
ապանացիֆիկացում
հրաժարում Ղրիմից:
Կիևը, ըստ տեղեկությունների, խնդրել է «լռության ռեժիմ» սահմանել մինչև հաջորդ հանդիպումը, սակայն ռուսական կողմը դա չի խոստացել։
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Կարծիքներ