Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար
ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն:
2023թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող գործողությունների ծրագրի իրագործմանը: Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո:
«Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր 330 դպրոցներում վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծում, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստում՝ ժամանակակից մեթոդաբանությամբ։
Նախատեսվում է նաև Սյունիքի մարզում 13 կրթահամալիրների կառուցում, որոնցից 7-ը՝ Կապանում, իսկ 6-ը՝ Գորիսում։ Սյունիքի մարզի 13 դպրոց-կրթահամալիրների նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատված են, որոշ դպրոցների շինանրարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Դպրոցների կառուցման, վերանորոգման, լաբորատորիաների ստեղծման բաղադրիչից բացի՝ ծրագիրը ներառում է աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ աջակցություն։
Լրացուցիչ տեխնիկական աջակցություն է տրվելու ԿԳՄՍ նախարարությանը՝ ապահովելու բոլոր մակարդակներում ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի արդյունավետ իրականացումը:
Կարծիքներ